Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ պաշտոնանկ է արել Կոտայքի մարզի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանին, իսկ նրա փոխարեն ոստիկանապետ է նշանակել Գրիշա Բադալյանին: Սույն փոփոխությունը բավական հետաքրքրական է ոչ միայն ոստիկանությունում տեղի ունեցող կադրային վերադասավորումների համատեքստում, որ իրականացնում է Վովա Գասպարյանն իր ոստիկանապետ նշանակումից ի վեր, այլ նաև նախընտրական շրջանի ֆոնին:
Բանն այն է, որ Կոտայքի մարզը, այսպես ասած, շարքային մարզ չէ կամ մարզերից մեկը չէ: Կոտայքի մարզը այն մարզն է, որտեղ ռեալ իշխանություն է հանդիսանում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բոլորին է հայտնի, որ Կոտայքում Ծառուկյանն ամեն ինչ է: Սակայն, ըստ երևույթին, Հայաստանի իշխանության մեջ փորձ է արվում Կոտայքի մարզում փոխել իրավիճակը, ինչին կարող է միտված լինել նաև ոստիկանապետի փոփոխությունը: Իհարկե, նորանշանակ ոստիկանապետն էլ մարզից է, աշխատել է մարզային ոստիկանական համակարգում, և այդ իմաստով պետք չէ սպասել, որ նա սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որ Կոտայքում լինի օրենքի իշխանություն, ոչ թե օրենքն ու իշխանությունը լինեն Գագիկ Ծառուկյանը, սակայն ընտրություններից առաջ ոստիկանական այդ շարժը զուտ հոգեբանական առումով կարող է մեծ դեր խաղալ մարզում առկա տրամադրությունների ձևավորման վրա:
Այդպիսով, փաստորեն արձանագրվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերի վրա ՀՀԿ երկրորդ գրոհը: Առաջինը հայտնի Պալաչն էր՝ Գագիկ Ծառուկյանի սանիկը, որը դուրս եկավ նրա դեմ ու հայտարարեց, որ Կոտայքը պետք է ազատագրել Ծառուկյանի իշխանությունից: Իսկ այժմ գործի է անցնում Վովա Գասպարյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի գրոհի հերթական՝ երկրորդ ալիքը: Թեև պետք է հիշել, որ Գասպարյանը առաջինն էր, որ նեղ շրջանակում հայտարարել է, թե Կոտայքի մարզը միացնելու է Հայաստանին, ակնարկելով, որ Ծառուկյանը Կոտայքում անկախ պետություն է ստեղծել իր համար, և ինքը այդ պետությանը վերջ կդնի:
Թե էլ ինչ գրոհներ կլինեն Ծառուկյանի դիրքերի վրա, ցույց կտա ժամանակը, բայց որ ԲՀԿ առաջնորդը կորցնում է դիրքը դիրքի հետևից ոչ միայն ԲՀԿ համամասնական ցուցակում, այլ նաև, այսպես ասած, սեփականի ընկալում ունեցած մարզում, կարծես ակնհայտ է:











































