Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր չեն Կենտրոնական Ասիայում նոր բազաներ հիմնել այն բանից հետո, երբ 2014 թ. զինծառայողները կազատեն Ղրղստանի «Մանաս» օդանավակայանի տարածքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը:
«Մենք շատ շնորհակալ ենք նախագահ Աթամբաևին այն բանի համար, որ նա համաձայնել է երկարացնել պայմանագիրը մեզ հետ՝ մինչև 2014 թ. կեսերը»- նշել է Բլեյքը:
Ինչպես տեղեկացրել է RIA Novosti-ն, դրա հետ մեկտեղ Բլեյքն ասել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է նախագահ Աթամբաևի և երկրի կառավարության հետ քննարկել տրանզիտ կենտրոնի ապագան և կփորձի համաձայնության հասնել դրա շուրջ:
Բլեյքն ասել է, որ ԱՄՆ-ը, Կենտրոնական Ասիայում ռազմական բազաներ տեղադրելու հետ կապված, պլաններ չունի։ Նա նաև հավելել է, որ «Մանաս»–ը ռազմական բազա չէ, այլ տրանզիտ կենտրոն, որով ամերիկացի զինծառայողները մտնում են Աֆղանստան:
Փետրվարի վերջին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ 2014 թ. հետո օտարերկրյա զինծառայողները պետք է ազատեն «Մանաս» օդանավակայանի տարածքը, որպեսզի բացառվի ռազմական բազայի կիրառման հնարավորությունն Իրանի հետ կոնֆլիկտում:









































