Ցանկացած կառույց պետք է անի իր լիազորությունների սահմաններում հնարավորը ընտրությունների ազատությունն ու արդարությունն ապահովելու համար, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ոստիկանության այն որոշմանը, որով պետք է պահպանվի ընտրական գործընթացների հասարակական կարգը:
Նա նշեց, որ մշտապես ասել են, որ հանրապետության բոլոր կառույցները պետք է նպաստեն արդար և ազատ ընտրությունների կայացմանը: «Ցանկացած կառույց իր լիազորությունների սահմաններում պետք է անի հնարավորը առաջիկա ընտրությունների ազատությունն ու արդարությունն ապահովելու համար, որովհետև երբևէ երկրի հետագա զարգացման համար որևէ ընտրություն այսքան կարևոր չի եղել»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում կայացած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետը պատասխանատուներից հստակ ու համագործակցված աշխատանք է պահանջել` նշելով, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաև քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ:







































