Երբևէ մտածել եք, թե ինչպես է սուրճի արտադրության հսկա Starbucks-ը պատրաստում իր հայտնի ելակով Ֆրապուչինոն, և ինչով է պայմանավորված արտադրանքի արտահայտնիչ վարդագույն գունավորումը:
Բավարարելով սպառողների հետաքրքրասիրությունը` Starbucks-ը բացահայտել է գաղտնիքը: Վարդագույն վառ երանգ ապահովելու գործում մեծ դերակատարություն ունի կոշինել տեսակի միջատներից ստացված խտանյութը:
Այդ միջատները հիմնականում հանդիպում են Մեքսիկայում և լատինաամերիկյան երկրներում: Մի քանի դար շարունակ չորացած միջատներից ստացված թուրմը օգտագործվել է ալկոհոլային խմիչքների և մուրաբաների արտադրությունում` որպես գունավորիչ:
ԱՄՆ-ի սննդի և թմրանյութերի հարցերով վարչությունը կոշինելի խտանյութի կիրառությունը սննդի ոլորտում անվտանգ է համարում, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակառակ կարծիքին է: Վերջինս կարծում է, որ այն կարող է որոշ մարդկանց մոտ ասթմա առաջացնել կամ դրսևորվել ալերգիկ ռեակցիայով:











































