Հանրապետականների կողմից քննադատաության ենթարկված ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Սեուլում իր և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական խոսակցությունը:
Օբաման, մասնավորապես, ստիպված է եղել պնդել իր հայտարարությունն առ այն, որ ՀՀՊ խնդիրը կարող է լուծվել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Որպես արդարացում՝ Օբաման նշել է. «Տվյալ պահին ձևավորված իրավիճակը չի նպաստում բոդվանդակալից խորհրդակցություններին: Ես կարծում եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք 2013 թ.»,- Օբամայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հիշեցնենք. երեկ Սեուլում կայացած Մեդվեդև-Օբամա հանդիպումից հետո լրագրողները պատահաբար որսացել են երկու նախագահների մասնավոր զրույցը: Մասնավորապես, Օբաման զրույցի ժամանակ Մեդվեդևին ասել է. «Սրանք իմ վերջին ընտրություններն են, որից հետո ես խուսանավելու ավելի շատ հնարավորություններ կունենամ»: «Ես հասկանում եմ… Ես դա կփոխանցեմ Վլադիմիրին»,- ի պատասխան՝ ասել է Մեդվեդևը:
Լրատվամիջոցներում այս լուրը քննարկման լուրջ առարկա է դարձել, իսկ հանրապետականները մեղադրել են Օբամային պետական շահերին դավաճանելու մեջ:








































