Եգիպտոսի մի շարք լիբերալ քաղաքական գործիչներ երկուշաբթի դուրս են եկել երկրի նոր սահմանադրության նախապատրաստման հանձնաժողովի կազմից, քանի որ դրանում մեծ թիվ են կազմում իսլամիստները: Մասնավորապես, հանձնաժողովի աշխատանքները բոյկոտում են «Ազատ եգիպտացիները» և «Եգիպտական ժողովրդավարական կուսակցությունը», ինչպես նաև ազդեցիկ լիբերալ քաղաքական գործիչ Ամրու Համզաուին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, լիբերալները մտավախություն ունեն, որ իսլամիստները, իրենց համար հանձնաժողովում ձայների մեծամասնություն ապահովելով, պատրաստվում են ընդունել նոր սահմանադրություն, որը կարտացոլի միայն նրանց իսկ հայացքները:
«Պատգամավորների և քաղաքական գործիչների հեռանալը կասկածի տակ է դնում այդ հանձնաժողովի ապագան, ինչպես նաև նոր սահմանադրության լեգիտիմությունը»,- գրում է Al-Wafd լիբերալ թերթը: Համզաուիի կարծիքով՝ «Ազատություն և արդարություն» կուսակցությունը («Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը) և սալաֆիական «Ալ-Նուր» կուսակցությունը հանձնաժողովի անդամներին ընտրել են իրենց հանդեպ ունեցած լոյալության սկզբունքով:
Հանձնաժողովից դուրս է եկել նաև ազդեցին Աշխատավորների արհմիությունների դաշնությունը, որը կոչ է արել ցրել այդ խորհուրդը և կազմավորել նորը: Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ հիմնադիր խորհուրդ կազմելիս ամբողջությամբ անտեսվել են կանանց, գյուղացիների և աշխատավորների, մտավորականության, գիտնականների, երիտասարդության և ղպտիների իրավունքները:
Սահմանադրության նախագծի նախապատրաստման հանձնաժողովը կազմավորվել էր շաբաթ օրը՝ Եգիպտոսի խորհրդարանի երկու պալատների հատուկ նիստի ժամանակ: Հանձնաժողովը նախագահում է Ժողովրդական ժողովի խոսնակ Մուհամմադ Սաադ Ալ-Կատատնին: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի մեջ մտել է 100 մարդ, որոնց կեսը խորհրդարանի պատգամավորներ և հասարակական գործիչներ են: Բացի այդ, հանձնաժողովի անդամների ճնշող մեծամասնությունը իսլամիստական կուսակցություններից են կամ նրանց գաղափարախոսությանը հարող հասարակական գործիչներ են:
Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա արդեն մարտի 28-ին: Նոր հիմնական օրենքի տեքստի աշխատանքները չպետք է շարունակվեն 6 ամսից ավելի: Այնուհետև տեղի կունենա համընդհանուր հանրաքվե, որի ժամկետը դեռ սահմանված չէ:











































