«Քանի գնում՝ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը վատանում է, տնտեսությունը գնում է դեպի ստվեր, խորանում է արտագաղթի խնդիրը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Եթե կուսակցությունը հետևողականորեն իրականացնում է մի քաղաքականություն, որը վնասում է երկրին, ենթադրվում է, որ ընտրողներն իրենց ձայները պետք է տան այլ քաղաքական ուժի»,- նշեց նա` հավելելով, որ ինքը կշրջեր ՀՀԿ կարգախոսը` այն դարձնելով այսպես. «Փոխենք, որ հավատանք»:
Սեդրակյանի խոսքով՝ տեղական կապիտալի արտահոսքը նշան է, որ բիզնեսի համար պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն: «Յուրաքանչյուր ոք էլ կցանկանա իր բիզնեսը սեփական հայրենիքում ծավալել, բայց դրա համար պայմաններ են հարկավոր»,- նշեց նա:









































