Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ դժվարամատչելի շրջանում ռազմական օպերացիայի ժամանակ սպանվել է Կոլումբիայի ռազմական հեղափոխության ուժերի ներկայացուցիչ 32 ապստամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա ցույց է տալիս, որ մեր զինված ուժերը շարունակում են հարձակումները և չեն պատրաստվում հետ կանգնել»,– հայտարարել է Սանտոսը՝ հատուկ ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Այժմ FARC-ի ընդհանուր կորուստները երկրի կենտրոնական Մետա նահանգում կազմում են գրեթե 65 մարդ: Անցած չորեքշաբթի օրը ևս 33 ապստամբ է սպանվել Արաուկայի սարահարթում:
Այս օպերացիան հանդիսանում է նոր ռազմավարության մի մաս, որը ուղղված է կարմիր պարտիզանների դեմ: Ավելի վաղ զինվորականները հետևում և սպանում էին ապստամբների առաջնորդներին: Սակայն ամերիկյան միլիարդավոր դոլարները օգնեցին Կոլումբիային կազմակերպել ռազմական հարձակումներ, որոնք մեծ վնաս հասցրեցին FARC-ին և հեռացրեցին նրանց դժվարամատչելի շրջաններ:
Համարվում է, որ FARC-ը թուլացավ այն ժամանակ, երբ նրանց առաջնորդ Ալֆոնս Կանոն մահացավ: Սակայն անցած տարվա վերջին ապստամբները հայտարարեցին, որ Տիմոլեոն Խիմենեսին նշանակել են իրենց ղեկավար: Նա ավելի հայտնի է Տիմոչենկո անվամբ:
Կոլումբիայի նախագահը հերքեց նրա հետ բանակցություններ վարելու հավանականությունը:










































