Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ֆրանսիական բյուրոն փոստով ստացել է «թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերայի կողմից իրականացված սպանությունների տեսագրությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է ֆրանսիական Parisien թերթի կայքը:
Հրատարակության տվյալներով՝ հիշողության քարտով ծրարը և նամակը «Ալ-Ջազիրա»–ի փարիզյան գրասենյակ է եկել և երկուշաբթի օրը փոխանցվել է քրեական հետախուզության աշխատակիցներին, ովքեր նույնականացրել են ձայնագրությունը:
Նամակը կնքվել է անցած չորեքշաբթի օրը, երբ ոստիկանությունը սկսել էր Մերայի բնակարանի շրջապատումը: Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք ծրարը երեքշաբթի երեկոյան ուղարկել է Մերա՞ն, թե՞ նրան օգնել է համախոհը:
Հինգշաբթի օրը Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հաղորդել էր լրագրողներին, որ իրավապաշտպան մարմինները Մերայի ցուցումներով գտել են տեսախցիկ, որի վրա նա ձայնագրել էր Թուլուզում և Մոնտոբանում իր կատարած սպանությունները:
Մուհամմեդ Մերան, ով սպանել էր 7 մարդու, այդ թվում` երեք երեխայի, գնդկահարվել էր երկօրյա օպերացիայի արդյունքում:
Նրա եղբոր` Աբդելկադերի հանդեպ մեղադրանք է առաջադրված՝ այդ հանցագործություններում մասնակցություն ունենալու առնչությամբ: Նրա նկատմամբ սկսվել է հետաքննություն:










































