Goal.com-ի տեղեկացմամբ` Լոնդոնյան «Չելսի»-ն ցանկանում է դառնալ «դարի գնման» հեղինակ: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արիստոկրատներ»-ը պատրաստվում եմ ամբողջովին փոխել թիմի կազմը, որի սկիզբը կարող է լինել «Ռեալ»-ին սպասվելիք առաջարկը. Ռոման Աբրամովիչը ցանկանում է 100 մլն ֆունտի դիմաց ստանալ Քրիշտիանու Ռոնալդուի և Գոնսալո Իգուաինի տրանսֆերները:
Ռուս միլիարդատերը պատրաստ է նաև 70 մլն ֆունտ վճարել «Նապոլի»-ի առաջատարներ Էդինսոն Կավանիի և Էզեկիել Լավեսսիի իրավունքների ձեռքբերման նպատակով:
Դիդյե Դրոգբայի պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և իվուարցին, ամենայն հավանականությամբ, կլքի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը:
Տեղափոխություններին կարող են խոչընդոտել «Չելսի»-ի` Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անհաջող ելույթները, որոնց արդյունքում լոնդոնյան ակումբը կարող է զրկվել Չեմպիոնների Լիգայի գավաթ 2012/13 թվականների ուղեգրից:
Մադրիդյան ակումի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռոնալդուն չի լքի Պիրենեյան թերակղզին, իսկ «Չելսի»-ն դեռևս պաշտոնական առաջարկ չի արել:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ռեալ» տեղափոխվեց 2009 թվականին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, իսկ տրանսֆերը արժեցավ 80 մլն ֆունտ: «Չելսի»-ն հետաքրքրված է նաև «Պորտու»-ի առաջատար Հալկի ծառայություններով:
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը կլքեն Դիդյե Դրոգբան, Պաոլո Ֆերեյրան, Ժոզե Բոսինգվան և Ֆրենկ Լեմպարդը:







































