Ինձ բավարարում է կողքից նայելու և հիասթափություն ապրելու բերկրանքը: Այսօր «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք չէ՞ր ցանկանա ընդգրկվել կուսակցություններից որևէ մեկի նախընտրական ցուցակում, նման պատասխան տվեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «Եթե ես ցանկանայի, ես ինձ ավելի ակտիվ կպահեի և ինչ-որ մի ցուցակում կլինեի, ինձ բավարարում է կողքից նայելու և հերթական անգամ հիասթափություն ապրելու «բերկրանքը»»,- նշեց Կ. Խոդիկյանը:
Անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ցուցակներում մտավորականների ընդգրկվածությանը` նա ասաց, որ եթե մտավորականը վստահ է, որ մտնելով խորհրդարան պետք է այնտեղ փոփոխություններ իրականացնի, ապա լավ կլիներ, որ նրանք լինեին անցողիկ տեղերում և իրականացնեին իրենց ծրագիրը: «Երևի այդ ցուցակները կազմողները և ցուցակներում ընդգրկվածները որոշակի իրատեսություն են հանդես բերել: Այն, որ մտավորականները հայտնվել են ցուցակների հետին շարքերում՝ չէի ասի, որ վերաբերմունք է նրանց նկատմամբ, այլ որոշակի գնահատական է նրանց ապագա գործունեությանը խորհրդարանում»,- մեկնաբանեց Կարինե Խոդիկյանը` հավելելով, որ իզուր չէ ասված, որ կարող է առաջինները դառնան վերջիններ, իսկ վերջիններն` առաջիններ:











































