ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Եվրոպայի այն երկրների համար, որոնք կցանկանան դառնալ Դաշինքի անդամ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը RIA Novosti-ի կազմակերպած «Մոսկվա-Բրյուսել» տեսակոնֆերանսի ժամանակ:
«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի ինքնուրույն լուծել ՆԱՏՕ-ին իր անդամակցության խնդիրը, դա բոլոր ինքնիշխան պետությունների հիմնարար իրավունքներից է՝ որոշում ընդունել, թե որ դաշինքներին կցանկանային անդամակցել»,- ասել է նա:
Խոսելով Դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին՝ Ռասմուսենը նկատել է, որ «առայժմ Վրաստանը չի կատարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են անդամակցության համար»:
«Բայց Վրաստանն այս հարցում առաջ շարժվում է, այդ առաջընթացն արտացոլվում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում: Այժմ վաղաժամ է որևէ գրաֆիկ նշել՝ կապված ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հետ»,- ասել է նա:








































