Տեքստ Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի խորհրդատուների խումբը մշակում է փաստաթուղթ, թե ինչպես պետք է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Այս մասին «Ասավալ Դասավալի» թերթի տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին արտգործնախարար Տեդո Ջափարիձեն, որը գլխավորում է Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի արտաքին քաղաքական ուղղությունը.
«Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն ունեցել և չունեն Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարություն: Մեզ դա դուր է գալիս, թե ոչ՝ ամեն դեպքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, վարչապետ Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական փորձառու դիվանագետներ են: Ռուսաստանի հետ պետք է համաձայնագիր կնքել: Ինչ-որ բան մենք կզիջենք, ինչ-որ բան՝ Ռուսաստանը:
Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք Ռուսաստանի հետ երկխոսությունը, ինչը չի կարող անել Սաակաշվիլին: Պետք է երկխոսել ռուսների, աբխազների և օսերի հետ: Պետք է կնքվի համաձայնագիր, սակայն ոչ Վրաստանի ռազմավարական շահերի գնով»:










































