Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ Վրաստանին սպառնում է քաղաքացիական պատերազմի իրական վտանգ: Այդ պլանում Շևարդնաձեն հիշատակել է Վրաստանի արևմուտքում ապօրինի զինված խմբերի ձևավորումը:
Շևարդնաձեն Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ է արել մեկնել տվյալ շրջան և տեղում պարզել այդ հարցը.
«Վտանգն իրական է: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդպես հեշտությամբ չի հեռանա: Հուսով եմ, որ նա գործը չի հասցնի արյունահեղության ու քաղաքացիական դիմակայության»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանին սպառնում է քաղաքացիական պատերազմ:









































