Հռոմի պապի՝ Կուբա ժամանելուց առաջ ձերբակալվել են այլախոհական շարժման մոտ 70 կողմնակիցներ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով տեղի ակտիվիստներին:
Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների և ազգային հաշտեցման հարցերով հանձնաժողովի անդամները, ձերբակալությունները տեղի են ունեցել վերջին չորս օրերի ընթացքում՝ Սանտյագո դե Կուբա քաղաքում, որպեսզի կանխվի Բենեդիկտոս 16-րդի այցելության օրը բողոքի ակցիաների կազմակերպումը:
Նշվում է, որ ձերբակալվածների մեջ են «Կանայք սպիտակով» այլախոհական շարժման առնվազն 15 ակտիվիստներ: Այս կազմակերպությունը համախմբում է քաղաքական բանտարկյալների կին մերձավորներին:
Հիշեցնենք նաև, որ Կուբա ժամանելուց մի քանի օր առաջ, ինչպես նաև երեկ՝ Մեքսիկայում, Բենեդիկտոս 16-րդն ասել է, որ Կուբան պետք է հրաժարվի մարքսիզմից, քանի որ այն որպես պետության գաղափարական հենք մեր օրերում չի կարող գոյատևել:









































