Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրավունքները ոտնահարելու համար հայց է ներկայացնելու դատարան «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանի դեմ: Խմբագիրը շաբաթ օրը լույս տեսած համարի իր հոդվածում հռետորական հարց է ուղղել Էրդողանին` արդյո՞ք նա կհամարձակվեր այլանդակ անվանել Աթաթուրքի արձանը, ինչպես անվանել էր Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը: Էրդողանի փաստաբանների կարծիքով, այս և այլ քննադատական գաղափարներով Ալթանը վիրավորանք է հասցրել վարչապետին, իսկ իրավականորեն խախտել խոսքի ազատության չափանիշները: Փաստաբանները դատարանում Էրդողանի վիրավորանքի համար 50 հազար լիրա փոխհատուցում են պահանջելու: «Թարաֆ» օրաթերթը Թուրքիայի լիբերալ պարբերականներից է և հայտնի է զինվորականության քննադատությամբ, իսկ վերջին տարիներին պարբերականին քննադատում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը պաշտպանելու համար: