Հունվարի 14-ին իտալական Ջիլիո կղզու ափի մոտ խորտակված «Կոստա Կոնկորդիա» նավից մարտի 24-ին դուրս են բերել ամբողջ վառելիքը: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Վառելիքի դուրսբերման աշխատանքները սկսվել էին դեռևս փետրվարի 12-ին: Այդ աշխատանքներին ներգրավված էին 20 հատուկ տեխնիկա և տարբեր ազգության և մասնագիտության հարյուրից ավելի մարդ:
Վառելիքը դուրս բերելուց հետո արդեն հնարավոր կլինի հանել նաև նավի շրջակայքում գտնվող առարկաները: «Կոստա Կոնկորդիան» ամբողջությամբ ցամաք կհանվի 2012թ.-ի վերջին:
Նավի խորտակման հետևանքով մահացել է 30 մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած: «Կոստա Կոնկորդիայի» գործով գլխավոր կասկածյալը նավի հրամանատար Ֆրանչեսկո Սկետտինոն է: Նրան մեղադրում են անվտանգության կանոնների խախտման մեջ, որը հանգեցրեց 30 ուղևորների մահվան: Սկետտինոյին սպառնում է մինչև 2697 տարվա ազատազրկում:











































