ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու բանաձևի նախագիծը, որ ներկայացրել է Եվրախորհրդարանը, լավը չէ. այս մոտեցումը սխալ է և անիրական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու առաջարկին:
«ԵՄ ասվածը տվյալ պարագայում շատ լայն հասկացություն է, և հասկանալի չէ՝ այն 27 պետությունների միասնական դիրքորոշո՞ւմն է լինելու, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն: Երկուսն էլ մեզ համար անընդունելի են: ԼՂ հակամարտության կարգավորման և միջնորդական առաքելության 20 տարիների ընթացքում ՄԽ համանախագահները խնդրի վերաբերյալ իդեալական պատկերացում ունեն և իրենց գործունեությունը շատ լավ են կազմակերպում՝ անկախ այն հանգամանքից, որ շատերի կարծիքով հակամարտության վերջնական կարգավորման գործընթացը դանդաղում է: Բայց ամենակարևորն այն է, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է»,- նշեց Զաքարյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելը ձեռնտու չի լինի նաև Ադրբեջանին, քանի որ Մինսկի խմբի ձևաչափի ցանկացած փոփոխություն վտանգելու է տարածաշրջանում առկա կայունությունն ու հավասարակշռությունը: «Այդ է պատճառը, որ ԵԽ մեր գործընկերներին հորդորում ենք և մասնավոր զրույցներում փորձում հիմնավորել, որ մանդատների ու կարգավիճակի փոփոխությունները որևէ լավ բանի չեն բերելու»,- ասաց Զաքարյանը:
Հարցին՝ բացի հորդորներն ու հիմնավորումները, ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի ԵԽ նախագիծն իրականություն չդառնա, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այն կյանքի կոչվել չի կարող: «Որովհետև նախագիծն իրավական ուժ չունի, ընդամենը խորհրդատվական կամ տեսակետ հայտնելու նշանակության է»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ էր ընդունել, որտեղ ի թիվս այլ դրույթների, նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան Եվրամիությամբ փոխարինելու անհրաժեշտության մասին: Փաստաթուղթը դեռևս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ինչն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մեկ ամսից։










































