«Տիեզերական աղբն» անցել է Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) կողքով, անձնակազմը վերադառնում է կայան: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Թռիչքների կառավարման կենտրոնին: Ավելի վաղ ՄՏԿ-ի անձնակազմը տարհանվել էր կայանին կցված «Սոյուզ» նավ, որովհետև վտանգ կար, որ կայանը կբախվի ռուսական արբանյակի բեկորի հետ:
«Վտանգն անցել է, և այս պահին անձնակազմը վերադառնում է կայան»,- հայտնել են ԹԿԿ-ից:
«Հյուսթոնի թռիչքների կարգավորման կենտրոնը տեղեկացրել էր անձնակազմի հրամանատար Դենիել Բյորբենկին, որ շաբաթ առավոտյան հնարավոր է կայանի մոտով անցնի ռուսական արբանյակի բեկորը, իսկ քանի որ կայանի ուղղությունը փոխելու համար բավարար ժամանակ չկա, անձնակազմին կարող է հրաման տրվի տեղափոխվել «Սոյուզ» նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական ԹԿԿ-ից այսօր հայտնել են, որ անձնակազմը տեղափոխվել է «Սոյուզ» նավ՝ «փրկարարական մակույկներով», ինչպես դրանց անվանում են կայանում:
ՄՏԿ-ում հիմա աշխատում է վեց հոգուց բաղկացած անձնակազմը:
Ներկա դրությամբ ԱՄՆ-ի Օդային ուժերի ստրատեգիական հրամանատարությունը հետախուզում է Երկրի շուջը շարժվող 21 հազար տարբեր բնույթի օբյեկտներ, որոնց մեծությունը կազմում է 10 և ավել սանտիմետր: Կայանի տվյալներով՝ Երկրի շուրջը պտտվում են մի քանի հազարի հասնող ավելի փոքր չափերի օբյեկտներ: Այդ ամբողջ «տիեզերական աղբը» վտանգ է ներկայացնում ինչպես ՄՏԿ-ի, այնպես էլ հազարից ավել տարբեր արբանյակների համար:










































