ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ռուսական կողմի հրավերով այցելել է Մոսկվա: Հատուկ պատվիրակի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում:
Մարտի 25-ին Քոֆի Անանին կընդունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Բացի այդ` նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարությունում կարևորել են նրա այցը: «Ռուսաստանն ի սկզբանե պաշտպանել է նրա թեկնածությունն այդ պաշտոնում` հաշվի առնելով ինչպես նրա դիվանագիտական փորձը` որպես ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, այնպես էլ բարձր վարկանիշը»,- հիշեցրել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան և Պեկինը երկու անգամ արգելափակել էին ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձևը: Միայն մարտի 21-ին ԱԽ-ին հաջողվեց հայտարարություն ընդունել Սիրիայի վերաբերյալ՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Անանի առաքելությանը:










































