Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հնարավոր ճանապարհներ է փնտրում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կնոջը՝ Ասմային, Բրիտանիայի քաղաքացիությունից զրկելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով նախարարության աղբյուրները:
Մասնավորապես իշխանությունները հնարավորություն ունեն օգտվել բրիտանական իմիգրացիոն օրենսդրության հոդվածներից մեկից, որը թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել այն դեպքում, եթե մարդը վտանգ է ներկայացնում հանրությանը:
Սակայն փորձագետների կարծիքով՝ այդ միջոցն ընդունելի կլիներ օգտագործել երկքաղաքացիություն ունեցող ահաբեկիչների նկատմամբ, և դեռևս այդ հոդվածի կիրառման նախադեպ չի եղել, ուստի Սիրիայի նախագահի կնոջ դեմ դա կիրառելու հավանականությունը փոքր է:
Թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն մշակում է արտակարգ ծրագիր այն դեպքում, եթե հանկարծ Ասմա Ալ-Ասադն, այնուամենայնիվ, որոշի մեկնել Մեծ Բրիտանիա:
Հիշեցնենք, որ երեկ Եվրամիությունը սիրիական «սև ցուցակում» ներառեց Ասմա Ալ-Ասադի անունը, ուստի նրան կարգելվի մուտք գործել ԵՄ երկրներ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, այդ երկիր նրա մուտքը հնարավոր չէ խոչընդոտել:








































