ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Մերձավոր Արևելքում տիրող անորոշությունը հանգեցրել են նրան, որ մեկ բարել նավթի գինը թանկացել է 20-30 դոլարով.
«Բենզինի գնաճին նպաստող առանցքային գործոնը նավթային շուկաներում ստեղծված իրավիճակն է և Իրանում ու Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների շուրջ առկա անորոշությունը: Դրա արդյունքում նավթի գինն ավելացել է 20 կամ 30 դոլարով: Բացի այդ, նավթի գնաճի վրա ազդում է նաև զարգացող երկրներում «սև ոսկու» աճող պահանջարկը», ինչը մասնավորապես վերաբերում է Չինաստանին ու Հնդկաստանին:
Աշխարհում բնակչության կենսամակարդակի աճի հետ մեկտեղ մարդիկ սկսել են ավելի շատ գնել ավտոմեքենաներ, ինչն էլ համապատասխանաբար ավելացրել է նավթի պահանջարկը և բենզինի գնաճը»:
Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում մեկ գալոն (3.8 լիտր) բենզինի գինը կազմում է 4 դոլար, իսկ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ապա այդ ցուցանիշը կկրկնապատկվի՝ հասնելով 8 դոլարի:











































