«Վրաստանը Ղարաբաղյան հակամարտությունում էական դեր է խաղում, քանի որ դրա խաղաղ կարգավորման կողմնակից է»: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որն այսօր ժամանում է Բաքու: Նա կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շատ ժամանակ են կորցրել, և ժամանակն է իրականության աչքերին նայել ու ընդունել, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի հիման վրա: Վաշաձեի կարծիքով, Հարավային Կովկասը միասնության կարիք ունի, և երեք երկրները պետք է ներգրավված լինեն փոխադարձ և շահավետ նախագծերում: Անդրադառնալով Հարավային միջանցք նախագծին՝ նա հայտարարել է ,որ այն անհրաժեշտ է համաշխարհային տնտեսությանը, քանի որ հնարավորություն է տալու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի արտադրանքը արտահանել Եվրոպա: Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ունի պատմական նշանակություն: Բաքվում Վաշաձեն քննարկելու է վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցեր: