Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող թվով 5 անձանց դատավարությունը:
Ամբաստանյալներից Աշոտ Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը այսօր հրապարակեց պաշտպանական ճառը, որում մասնավորապես նշեց, որ այս քրեական գործով հայտնի են բազմաթիվ անձինք, որոնց անունները դատավարության ընթացքում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը հնչեցրել է և դատարանից պահանջել հարցաքննել, սակայն մինչ օրս նման բան չի արվել, իսկ դրա փոխարեն այս պահին ամբաստանյալի աթոռին նստած են բացարձակ անմեղ անձինք:
Հարություն Բաղդասարյանը պաշտպանական ճառում նշեց, որ միանում է ամբաստանյալ եղբայրների պաշտպան Էդմոն Մարուքյանին և միջնորդում է դատարանին դիմել Սահմանադրական դատարան` հասկանալու համար, թե ճի՞շտ է արդյոք պետության դեմ ուղղված հանցագործության գործ քննել՝ այն դեպքում, երբ չկա ավարտված հանցագործություն: Պաշտպանի կարծիքով` մեղադրանքի հիմքում դրված են այնպիսի նյութեր, որոնք ձեռք են բերվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներով:
Պաշտպանական ճառի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:







































