Երաշտը, քաղցրահամ ջրի պակասը գալիք տասնամյակում կարող է հանգեցնել գլոբալ անկայունության և հակամարտությունների: Այս մասին ասվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մարտի 22-ի (Ջրի համաշխարհային օր) զեկույցում:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, զեկույցի համաձայն՝ հատկապես ռիսկի գոտում են գտնվում զարգացող երկրները, որտեղ բնակչության պահանջմունքները մշտապես աճում են: Ջրի պակասից ամենաշատ տառապող տարածաշրջաններն են Մերձավոր Արևելքը, Հարավային Ասիան ու Հյուսիսային Աֆրիկան:
Կլիմայական փոփոխությունները ծանր հետևանքներ կունենան գլոբալ աշխարհաքաղաքականության վրա: Դրանք կարող են հանգեցնել մարդկության համար տարածաշրջանային պատերազմների նոր տեսակի՝ ռեսուրսների պատերազմի առաջացման, ասվում է զեկույցում:
Ջրային պատերազմները կարող են սկսվել 2020-2040 թվականներին, իսկ 2040 թվականից հետո ավելի կմեծանա դրանց հավանականությունը: 2030 թվականին ջրի համաշխարհային պահանջարկի ու առաջարկի տարբերությունը հասնելու է 40 տոկոսի:









































