«Աննախադեպ երկունքից հետո ձևավորվեց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը այս և հաջորդ տարիների համար առաջարկում է հայ մարդու ազատությունը, ներկայացվածությունը, հասարակության տարբեր շերտերի գաղափարների ազատ մրցակցությունը որոշակի ուղենիշների շրջանակներում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա բնորոշմամբ՝ իրենց ցուցակն այլընտրանք է և ապահովում է ՀՀ ինքնիշխանության բացարձակ պաշտպանությունը և ազգային շահի գիտակցումը:
«Ոչ մեկը չպետք է ցուցակը դիտարկի առանձին համարներով, այլ իր ամբողջության մեջ: Մայիսի 6-ին ակնկալում ենք ազատ և արդար ընտրություներ»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը` հավելելով, որ հավատում է իշխանության ներկայացուցիչների խոստումներին, թե՝ ընտրությունները կլինեն թափանցիկ:
Ր. Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ ԱԺ-ում «Ժառանգությունը» համամասնական քվեի 25%-ի արտացոլմամբ ներկայացված է լինելու:
«Մեկ տարի առաջ ես հացադուլի մեջ էի, և այս ցուցակը այդ ծոմի շարունակությունն է»,- նշեց նա:









































