2010 թվականի վերջին Հայաստանում սկսվեց ներիշխանական փլուզումների մի բավական հետաքրքրական շղթա: Դրա սկիզբը դարձավ Երևանի քաղաքապետի փոփոխությունը, երբ Պլասիդո Դոմինգոյի համերգը դարձավ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառ:
Դրանից հետո տեղի ունեցավ արդարադատության նախարարի պաշտոնանկությունը: Հետո տեղի ունեցան կադրային նորանոր փոփոխություններ և պաշտոնանկություններ, տևական ընդմիջումներով, սակայն ընդհանուր ցիկլի ակնհայտ տրամաբանությամբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, ոստիկանապետ, ԱԺ նախագահ: Թեև այդ ամենը ներկայացվում էր տարբեր պատճառահետևանքային համատեքստով, սակայն պարզ էր, որ տրամաբանությունը և շարժիչ ուժը մեկն էր՝ Հայաստանի իշխանական համակարգում տեղի է ունենում բավական լուրջ պայքար, տարբեր մոտեցումների և թևերի լուրջ մրցակցություն, ինչի արդյունքում էլ փլուզվում է իշխանական ամրակուռ թվացող համակարգն ու տեղի են ունենում աղմկոտ փոփոխություններ: Դրանք, իհարկե, քաղաքացիների կյանքի համար որակական որևէ ազդեցություն չէին թողնում, բայց հասկանալի է, որ կարծրացած համակարգում ընդամենը տեղի էին ունենում թեթև շարժեր, այն երկաթբետոնյա կոնստրուկցիայի համեմատ, որ կառուցվել էր Հայաստանում և կրում էր քրեաօլիգարխիկ սարդոստայնի բնույթ: Այդ շարժերը առաջին քայլերն էին, որոնք, իհարկե, հետագայում արդեն պետք է դառնային տեսանելի որակական փոփոխություն:
Բայց, ինչպես ցույց է տալիս նախընտրական շրջանն ու դրան պատրաստվող իշխանակազմի պատկերը, իշխանության մեջ, կարծես թե, տեղի է ունենում հետդարձ՝ վերադարձ դեպի ելման դիրք: Մինչև անգամ Գագիկ Բեգլարյանն է վերադառնում՝ տեղ գտնելով, իհարկե, ոչ Երևանի քաղաքապետի պաշտոնում, բայց ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչի՞ մասին է խոսում այդ ամենը: Ինչո՞ւ է կանգ առել Հայաստանում ներիշխանական այդ մրցակցությունը, որն իշխանության կարծր քրեաօլիգարխիկ բնույթը կամաց-կամաց քանդում էր թելի կծիկի նման, փոխելով իշխող համակարգի տրամաբանությունը: Ինչո՞ւ է վերադառնում հին տրամաբանությունը, և վերադառնո՞ւմ է արդյոք: Այսինքն՝ կարո՞ղ է արդյոք պատահել, որ նախընտրական թեժ շրջանում Սերժ Սարգսյանը ձեռնամուխ լինի կադրային աղմկոտ փոփոխությունների վերսկսմանը: Հազիվ թե, քանի որ հակառակ պարագայում նա չէր ներկայացնի ՀՀԿ համամասնական ցուցակի մի պատկեր, որը բաղկացած է հանրությանը հոգնեցրած, երկիրը մաշած մարդկանցից:
Սա, ըստ էության, վկայում է այն մասին, որ ներիշխանական մրցակցության այն թևը, որն ապահովում էր կծիկի քայլ առ քայլ քանդումը, որի ազդեցությամբ կարծր համակարգը կամաց-կամաց կանգնում էր արագ փոփոխության ճանապարհին, էապես զիջել է դիրքերը նախընտրական շրջանում և հետ քաշվել: Սակայն, չի բացառվում նաև, որ այդ թևում հետ քաշվելը կրում է մարտավարական բնույթ, նկատի ունենալով այն, որ նախընտրական շրջանում սրվում է քրեաօլիգարխիայի ինքնապաշտպանական բնազդը և այն դառնում է առավել ագրեսիվ ու անկանխատեսելի: Այդ պայմաններում, բնականաբար շատ դժվար կլիներ գործ ունենալ այդպիսի սեգմենտի հետ, որի անկանխատեսելիությունը կարող էր կամ վերջնականապես կոտրել մրցակցության սաղմերը իշխանական ճամբարում՝ վերահաստատելով սեփական գերիշխանությունը, կամ էլ պարզապես կատարել քայլեր, որոնք կարող էին իշխանական ամբողջ համակարգը դնել հարվածի տակ և հանդիսանալ իշխանափոխության պատճառ: Մինչդեռ, անգամ մրցակցության պարագայում, այնուհանդերձ պարզ է, որ իշխանափոխությունը չէր բխում որևէ թևի շահերից, քանի որ մեծ հաշվով, իր հիմքում ներիշխանական այդ պայքարն ուներ ընդամենը մեկ գլխավոր նպատակ՝ տիրանալ իշխանական ռեսուրսներին:
Ընդամենը մեթոդներն էին տարբեր, տարբեր էին իշխանությունը վերցնելու և պահելու մոտեցումները, տարբեր էին հանրության հետ հարաբերության մասին պատկերացումները: Բայց գլխավորը կար և մնում է իշխանությունը տնօրինելը: Հետևաբար, այդ մրցակցությունը չէր կարող զարգանալ այնքան, մինչև վտանգեր իշխանությունն ամբողջությամբ: Դրա համար էլ, թերևս, ներիշխանական այն թևը, որը փորձում էր քանդել կարծր կծիկն ու քրեաօլիգարխիային հետ մղել ազդեցիկ դիրքերից, ի վերջո՝ կարծես թե ստիպված եղավ դադարեցնել ներքին պայքարը կամ զսպել այդ հարցում ակտիվությունը, պահելով ընդամենը նվազագույն տեմպ՝ այն լրիվ չկորցնելու համար, մինչև որ կանցնի ընտրական փուլն ու արդեն վերստին հնարավոր կլինի շարունակել ներքին պայքարն առավել ակտիվ ռեժիմով:
Ըստ ամենայնի, ներկայումս գործ ունենք հենց այդպիսի իրողության հետ, ինչի պատճառով էլ իշխանական վերադասավորումները Հայաստանում այդպես էլ չշարունակվեցին նախորդ տարվա դեկտեմբերին արձանագրված բուռն ալիքից հետո: Կշարունակվի՞ արդյոք այդ գործընթացը խորհրդարանի ընտրությունից հետո: Ըստ էության հազիվ թե, քանի որ դրանից ինն ամիս անց կրկին ընտրություն է, ինչը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ համակարգի ինքնապաշտպանական բնազդը կրկին սրվելու է անկանխատեսելի ագրեսիվության աստիճան: Բայց այստեղ էական կարող է լինել այն, թե ինչ կլինի խորհրդարանի ընտրության ընթացքում: Խնդիրը իշխանափոխության մասին չէ:
Եթե հաջողվի ընդդիմությանը համախմբված գործունեության արդյունքում ապահովել իշխանափոխություն, ապա հարցերը, իհարկե, կլինեն հանված և Հայաստանի ու հասարակության առաջ կդրվեն բոլորովին այլ հարցեր, այլ հարթության և ժամանակացույցի մեջ: Բայց, դրանից բացի, էական կարող է լինել նաև այն, թե ինչպես է հաջողվելու ապահովել իշխանության վերարտադրությունը: Արդյոք դրանում հաջողվելո՞ւ է նվազեցնել քրեաօլիգարխիայի դերը: Եթե այո, ապա խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանի իշխանական համակարգում տրամաբանական կլինի սպասել էական վերադասավորումների: Իսկ եթե վերարտադրությունը կրկին իրականացվի քրեական և թաղային հեղինակությունների ու օլիգարխների անմիջական, ավանդական ակտիվ ջանքով, ապա պարզ է, որ նրանք էլ թելադրելու են նախագահական ընտրության «երաժշտությունը», իսկ իշխանության մնացյալ սեգմենտներին կմնա պարել դրա տակ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










































