Շվեդիայի Ստոկհոլմի շրջանի ղեկավարությունը հրաժարվել է հետաքննություն սկսել վիճարկելի Նոբելյան մրցանակների յուրացման փաստով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Շվեդական օրենքների համաձայն` շրջանը պետք է հետևի տարբեր մահացած մարդկանց կտակների հիման վրա ստեղծված հիմնադրամների կանոնադրության իրականացմանը: Դրանց թվում է նաև Նոբելյան հիմնադրամը, որը շնորհում է նույնանուն մրցանակները:
Շրջանի վարչակազմը որոշել է հրաժարվել հետաքննել նորվեգական Նոբելյան կոմիտեի գործունեությունը, որը շնորհում է խաղաղության մրցանակը, քանի որ օրենսդրորեն «հստակ գրված չէ, որ շրջանը պետք է իրականացնի նման հսկողություն»:
Բացի դրանից` իշխանությունները որոշել են, որ նախ Նոբելյան հիմնադրամը պետք է հաստատի, որ Նոբելյան կոմիտեն մրցանակները շնորհում է ոչ արդարացի:
«Վերադարձ սկզբնական չափանիշներին» ակցիան սկսվել է Նորվեգիայից: Դրա ակտիվիստները պնդում են, որ Ալֆրեդ Նոբելը իր կտակում խնդրել է պարգևատրել հենց խաղաղության համար պայքարող առաջամարտիկներին և ոչ թե շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգվողներին, բարերարներին, մարդու իրավունքի պաշտպաններին և այլն:
Ակցիայի մասնակիցների կարծիքով` Նոբելյան կոմիտեն չափազանց լայն է ընկալում իր հիմնադրի կտակը,` պարգևատրելով արժանի մարդկանց, սակայն ոչ նրանց, ում նկատի ուներ անձամբ Նոբելը:
Նրա կտակում իրոք նշվում է, որ պետք է շնորհել խաղաղության մրցանակը նրանց, ովքեր «մյուսներից ավելի շատ բան են արել ժողովուրդների եղբայրության, բանակի կրճատման կամ այն ցրելու, ինչպես նաև աշխարհում խաղաղություն հաստատելու համար»:











































