Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սոցիալական հարցման տվյալներով դարձյալ շրջանցել է իր գլխավոր հակառակորդ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով CSA հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հարցման տվյալները:
Սարկոզիի օգտին իրենց ձայնը պատրաստ են տալ հարցվածների 30%-ը, իսկ Օլանդի օգտին՝ 28%-ը: Այնուհետև թեկնածուների ցուցակում հերթագայում են Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը (13.5%), Ժան Լյուկ Մելանշոնը և Ֆրանսուա Բայրուն (յուրաքանչյուրի 13-ական տոկոս):
Հարցման արդյունքները վկայում են, որ ընտրությունների երկրորդ փուլում առաջատար դիրքերում կլինի Օլանդը, որի օգտին կքվեարկի ընտրողների 54%-ը, մինչդեռ երկրի գործող նախագահի օգտին՝ ընդամենը՝ 46%-ը:
Մարտի 12-ի երեկոյան հասարակական կարծիքի հետազոտության ֆրանսիական Ifop ինստիտուտը հրապարակեց իր անցկացրած հետազոտության տվյալները, որոնց համաձայն Սարկոզին առաջին փուլում կարող է շրջանցել Օլանդին՝ հավաքելով ձայների 28.7%-ը՝ Օլանդի 27%-ի դիմաց: Սակայն արդեն հաջորդ օրը մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն՝ TNS Sofres-ը հրապարակեց իր հետազոտության արդյունքները, որի համաձայն Սարկոզին զիջում էր Օլանդին 4 տոկոսային կետով (26% 30-ի դիմաց):
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու փուլերը տեղի կունենան ապրիլի 22-ին և մայիսի 6-ին:








































