«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ`ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեում սկսվել են Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Նորլանդի թեկնածությունը հաստատելու մասին լսումները:
Առաջին նիստում սենատորները լսել են թեկնածուի ներկայացրած զեկույցը, որում խոսք է գնում այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա նպատակների մասին: Մասնավորապես, Նորլանդը խոսել է վրաց-ամերիկյան հարաբերությունների կարևորությունից՝ հիշեցնելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերջին ամերիկյան այցի և Սպիտակ տանն ունեցած հանդիպման մասին:
Նորլանդն ընդգծել է, որ դեսպանի պոստում հաստատվելուց հետո փորձելու է կենտրոնացնել իր նախորդ Ջոն Բասսի ջանքերն ու ավելի է խորացնելու Վրաստանի կառավարության ու վրաց ժողովրդի հետ ԱՄՆ-ի գործընկերությունը: Նա հավելել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշումն անսասան է:
Նորլանդի խոսքերով՝ իր գործունեության մեջ զգալի տեղ է հատկացվելու Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ու գործընթացների զարգացմանը, անվտանգության ու պաշտպանական ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացմանն ու ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: Նորլանդը կարևորել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին Վրաստանի համապատասխանելը:
Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջոն Բասսի լիազորությունների ժամետը սպառվում է այս տարվա աշնանը, իսկ Նորլանդի թեկնածությունն առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:









































