Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ`թուրքական մամուլում շրջանառության մեջ է դրվել այն լուրը, թե մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթում Թուրքիան կարող է չներկայացնել Ջան Բոնոմոն:
Թուրքական մամուլը չի բացառում, որ TRT-ն հետ կվերցնի նրա թեկնածությունը: Սակայն TRT-ն դեռ չի շտապում հանդես գալ տվյալ խնդրի շուրջ մեկնաբանությամբ: Բոնոմոյի թեկնածության հետկանչի լուրերը շրջանառության մեջ դրվեցին նրանից հետո, ինչ Թուրքիայում քննարկումներ ծավալվեցին նրա հրեական ծագում ունենալու շուրջ:
Ակնկալվում է, որ թուրքական կողմն այս կապակցությամբ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը կանխատեսել էր, որ «Եվրատեսիլ 2012»-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Բոնոմոն հաղթելու քիչ շանսեր ունի, քանի որ նախորդ տարի այդ մրցույթում հաղթել է թյուրքական պետությունը՝ Ադրբեջանը, և որ դրանից մեկ տարի անց հաղթանակը, հազիվ թե, շնորհվի Թուրքիային:









































