Նորվեգիայում պատրաստվում են օրենք ընդունել հոգեկան շեղումներով մարդկանց հատուկ բուժման մասին: Ինչպես հաղորդում է Vesti-ն, եթե օրենքը աջակցություն ստանա խորհրդարանականների կողմից, ապա այդ օրենսդրական նորմով Անդերս Բրեյվիկը կարող է ցմահ մեկուսացվել հասարակությունից:
Համապատասխան օրինագիծն արդեն 3 շաբաթ է՝ քննարկվում է Նորվեգիայի կառավարությունում: Այսօր այն կարող են ուղարկել խորհրդարան:
Օրինագծի տեքստի համաձայն՝ Բրեյվիկի նմանների համար առաջարկվել է ստեղծել հատուկ բուժական հաստատություններ՝ անվտանգության խիստ ռեժիմով: Հանցագործը պետք է այնտեղ պահվի այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակի սպառնալիք ներկայացնել հասարակության համար:
Այնուամենայնիվ, նորվեգացի ահաբեկչի վերջնական ախտորոշումը դեռ տրված չէ: Անցյալ տարի նրա հետ աշխատած հոգեբանների առաջին խումբը եկել էր այն եզրակացության, որ նա տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով: Նոր հոգեբաններ Անգար Ասպոսը և Տերիե Տերեսոնն իրենց եզրակացությունը կանեն ապրիլի 10-ին:
Անկախ փորձագետների եզրակացությունից՝ ապրիլի 16-ին սկսվող դատական գործընթացին հաշվի կառնվեն երկու եզրակացությունները:







































