Նորվեգիայի հայերը բաց նամակով իրենց զորակցություն են հայտնել Մաշտոցի այգու ակտիվիստներին, որը ներկայացնում ենք ստորև.
Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված հարգելի ակտիվիստներ, հարգելի երևանցիներ,
Սույն նամակով Նորվեգիայի հայերս զորակցություն ենք հայտնում ձեր բնապահպանական նախաձեռնությանը:
Մենք խորապես մտահոգված ենք Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով, և մշտապես հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք միանում ենք ձեր պահանջին՝ դադարեցնելու այգու շինարարությունը, ապամոնտաժելու կրպակները և տարածքը հանձնելու իրական տերերին՝ Երևանի բնակիչներին:
Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի (նույնիսկ եթե այն ժամանակավոր է), այլ ոչ թե ի նպաստ հանրային շահի: Խնդիրը հատկապես մտահոգիչ է, երբ ներկայումս Երևանում, և ընդհամրապես Հայաստանում, կանաչ տարածքներն ավելի ու ավելի վտանգված են դառնում: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին, և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները: Միևնույն ժամանակ, շինարարությունը դադարեցնելու և կրպակները հեռացնելու ձեր պահանջները համարում ենք օրինական:
Մենք նաև խորապես գնահատում ենք այն մարդկանց, հատկապես երիտասարդների, քաղաքացիական ակտիվությունը, ովքեր ներգրավված են այգու նախաձեռնության մեջ, արտահայտում են իրենց կարծիքը, և ձգտում են կերտել ավելի լավ, կանաչ և օրինական երկիր: Երկիր, որի քաղաքացիները նախընտրում են ձմռան ցուրտ գիշերներն անցկացնել բացօթյա այգում, քան թե մնալ անտարբեր և անմասն՝ իրենց փակ բնակարաններում: Մենք համարում ենք, որ այս իրադարձությունները հանրային շահը պաշտպանելու և անարդարության մասին բարձրաձայնելու նախադեպ և լավ օրինակ կարող են դառնալ: Անկասկած, Մաշտոցի այգու օրինակը կարող է քաջալերել բոլորին՝ բարձրացնելու քաղքացիական կարծիքը և հանրային մաս լինելու զգացողությունը, ինչն այնքան պակասում է ներկայում:
Մենք նաև դիմում ենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և սփյուռքի համայնքներին՝ հետամուտ լինելու այս խնդրին և արտահայտելու իրենց աջակցությունը ակտիվիստներին: Դուք մեծապես ներգրավված եք Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում, և, հետևաբար, չեք կարող անմասն մնալ նման դեպքերում: Դուք պետք է հետևեք, թե ինչպիսի արդյունքներ է ունենում Ձեր համագործակցությունը Հայաստանի տարբեր կառույցների հետ:
Ուրախությամբ տեղեկացանք այն մասին, որ Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարությունը Հայաստանի Ծառերի Ծրագիր կազմակերպությանն է տրամադրել 1.2 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ դումարը մասամբ պետք է օգտագործվի Հայաստանի հյուսիսում անտառների վերականգնան համար, մինչդեռ, հենց նույն հյուսիսում արդեն գոյություն ունեցող Թեղուտի հսկա անտառները ոչնչացվում են հանքարդյունաբերության համար, արդյունաբերություն, որից օգուտ կքաղեն միայն քչերը, բայց որը կվնասի մեծամասնությանը:
Հուսով ենք, որ պատասխանատու մարմինները ճիշտ որոշում կկայացնեն խնդրի վերաբերյալ, և դուք, սիրելի բնապահպաններ, շուտով կնշեք ձեր ձայնի վաստակած հաղթանակը:







































