РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն «Դեպի աղետ տանող ճանապարհներ» խորագրով իր հոդվածում նշում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն աշխարհը տանում է կործանման.
«Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը միջազգային հանրությանը դրդում է կատարել համաշխարհային պատմության մեջ ամենամեծ սխալը: Ես չեմ կասկածում, որ ուր որ է՝ ԱՄՆ-ը գործելու է իր ամենախոշոր սխալը պատմության ընթացքում և դրանում ներքաշելու է համայն աշխարհը:
Պատկերացնենք, որ ԱՄՆ-ի զինված ուժերը սարսափելի ռումբեր են նետում Իրանի արդյունաբերական օբյեկտների վրա: Այդ ռումբերն ունակ են ոչնչացնելու 60 մետրանոց բետոնե շերտը: Դեռևս ոչ ոք և երբեք չի մտածել նմանատիպ արկածախնդրություն: Մարդկային տեսակն անխուսափելիորեն կներքաշվի այդ հակամարտության մեջ:
Իրանը չի տիրապետում միջուկային զենքի: Իրանին մեղադրում են հարստացված ուրանի արտադրության մեջ, որը ծառայում է որպես էներգակիր կամ գործածվում է բժշկության մեջ: Ցանկանում եք դա, թե ոչ՝ սակայն հարստացված ուրանի արտադրությունը կամ դրան տիրապետելը հավասարազոր չէ միջուկային զենքի արտադրությանը:
Տասնյակ երկրներ հարստացված ուրանը գործածում են որպես էներգիայի աղբյուր: Այդ ուրանը չի կարող գործածվել միջուկային զենքի պատրաստման ժամանակ՝ առանց նախնական ու բարդ մաքրման գործընթացի»:









































