Պաղեստինյան ինքնավարությանը միչև տարեվերջ անհրաժեշտ է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար, որպեսզի կարողանա իրականացնել բոլոր բյուջետային պարտավորությունները: ИТАР ТАСС-ը հաղորդում է, որ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է պաղեստինյան ինքնավարության կառավարության ղեկավար Սալյամ Ֆայադը:
Նա Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ոչ պաշտոնական նիստում: «Մենք բոլոր ընթացիկ ծախսերը ծածկելու համար փնտրում ենք մոտ 950 միլիոն դոլար՝ արտաքին օգնության տեսքով»,- ընդգծել է Ֆայադը: «Առանց այդ գումարների Պաղեստինի կառավարությունը կհայտնվի վտանգի մեջ»,- զգուշացրել է նա:
Իր հերթին հանձնաժողովի նախագահ, Նորվեգիայի ԱԳ նախարար Իոնաս Գոր Ստորեն հայտարարել է, որ «Պաղեստինյան ազգային ինքնավարությունը ճգնաժամային իրավիճակի մեջ է հայտնվել»: Նա կոչ է արել դոնոր-երկրներին տրամադրել Պաղեստինին խոստացված վարկերը:
Շաբաթ օրն Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ «այն երկրները, որոնք Պաղեստինին ֆինանսական միջոցներ տրամադրելու պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, պետք է փոխանցումներ կատարեն, քանի որ երկրի տնտեսությունը դժվար փուլ է ապրում, և իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ»:










































