ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը որոշել է վերականգնել Ռուսաստանի միավորված սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորել է մի քանի տարի առաջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ես պատրաստ եմ լրջորեն անցնել սոցիալ-դեմոկրատական նախագծի մշակմանը, և խնդրում եմ նրանց, ովքեր կիսում են սոցիալ-դեմոկրատական հայացքները, իրենց առաջարկներն անեն, իմ հիմնադրամին նամակ գրեն՝ սովորական կամ էլեկտրոնային հասցեով, որպեսզի լրջորեն սկսենք աշխատել կազմակերպչական աշխատանքով»,- հայտարարել է Գորբաչովը: Նա ընդգծել է, որ կուսակցությունը «կարող է միավորել հսկայական շրջանակներ»:
Գորբաչովը նշել է, որ չի պատրաստվում ղեկավարել կուսակցությունը, սակայն ակտիվորեն կմասնակցի դրա ստեղծման աշխատանքներին:
Գորբաչովի նախաձեռնությանն արդեն արձագանքել է գործարար Ալեքսանդր Լեբեդևը: «Ես և իմ կողմնակիցները պատրաստ ենք աջակցել Միխայիլ Սերգեևիչին այս գործում»,- ասել է նա: Լեբեդևը նշել է, որ միաժամանակ քաղաքականությամբ և բիզնեսով զբաղվել հնարավոր չէ, սակայն իր կարծիքով, «քաղաքական գործունեությունը մեծ գումարներ չի պահանջում, այն միանգամայն այլ բան է պահանջում՝ կոշտ համոզմունքներ, քաղաքացիական համարձակություն և լարված ամենօրյա աշխատանք»:









































