Երեկ Մեքսիկայում գրանցված 7.6 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արևելք, մեծ խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը:
Ըստ երկրի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ներկայացուցիչների՝ երկրաշարժի հետևանքով վնասվածքներ են ստացել 7 մարդ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գերերո նահանգի տարածքում, որտեղ գտնվում է երկրաշարժի հիպոկենտրոնը, վնասվել է ավելի քան 500 տուն, ևս 70-ը՝ Օախակեում: Անօթևան մնացած մարդիկ ապահովվել են ժամանակավոր հանրակացարաններով:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են` հյուսիսային լայնություն 16.660 և արևմտյան երկայնություն 98.190:
Երկրաշարժին հետևել է 7 հետցնցում՝ 5.1-4.8 մագնիտուդով:
Երկրաշարժը թույլ զգացվել է նաև մայրաքաղաք Մեխիկոյում: Տասնյակ հազարավոր մարդիկ անմիջապես լքել են իրենց՝ հատկապես բարձրահարկ շենքերի բնակարաններն ու աշխատատեղերը:
Մեքսիկայում մի քանի ժամ նկատվել են հեռախոսակապի և էներգիայի մատակարարման խախտումներ:
Ըստ ИТАР-ТАСС-ի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստր Մալիան, որը դպրոցականների խմբի հետ արձակուրդ էր գնացել Մեքսիկայի հարավ-արևմուտք, նույնպես չի տուժել երկրաշարժից:







































