Փորձագետ Մանան Գալստյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Ինչպես տեղեկացնում է www.1in.am-ը, Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը այսօր հայտարարել է, որ «ՀՀԿ համամասնական ցուցակում ներառելով Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին և «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, Հանրապետականը, կարծես, իր շարքերում թարմություն է մտցնում”: Ընդ որում, Գևորգ Պողոսյանի կարծիքով, «ՀՀԿ-ում ցուցակի թարմացման խնդիր է դրված՝ հեռացնել այնտեղից հանրությանը ծանոթ և բացասական վերաբերմունք վայելող մարդկանց՝ գործարարներ, թաղային հեղինակություններ և այլն»:
Փաստորեն, թարմ ու հանրության դրական վերաբերմունքը վայելող մարդիկ Բաբուխանյանի ու Գեղամյանի նմաններն են: Ու եթե այս մասին ասում է սոցիոլոգը, մեզ մնում է ենթադրել, որ նա իր հարցումներն անցկացնում է Հայլուրի (այժմյան Առաջին լրատվականի) պատկերած դրախտավայր Հայաստանում կամ ՀՀԿ շարքերում:
Ու սա այն դեպքն է, երբ, չնայած որ սոցիոլոգիայի կանոններից մեկով սոցիոլոգը իրականությունը բացահայտելու համար պետք է ամոթն ու բարոյական նախապաշարմունքները մի կողմ դնի, ամոթ ունենալը տեղին կլիներ:







































