Հարավային Օսեթիայի գլխավոր դատախազ Թեյմուրազ Հուգաևը հրաժարական է տվել: Ինչպես փոխանցել է Interfax գործակալությունը, նման հայտարարությամբ գլխավոր դատախազը հանդես է եկել երեքշաբթի երեկոյան: Ինչպես հիշեցնում է գործակալությունը, նա դադարել էր գոհացնել ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը: Հուգաևին նույնիսկ մեղադրել էին սահմանադրական հեղաշրջում կատարելու մեջ:
Հուգաևի խոսքերով՝ նա որոշել է նման քայլ անել մարտի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին: Նա նաև նշել է, որ ինքը, լինելով պետական պաշտոնյա և զբաղեցնելով մի պաշտոն, որը չի ենթադրում ավելորդ հրապարակայնություն, չի պատասխանել իր հասցեին ուղղված վիրավորանքներին, որպեսզի հասարակության մեջ ավելի չմեծանա լարվածությունը:
Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազի հրաժարականը պետք է ընդունի երկրի խորհրդարանը: Ենթադրվում է, որ խորհրդարանի նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Հուգաևի հրաժարականը մասամբ Հարավային Օսեթիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի և նախագահի թեկնածու Ալլա Ջիոևայի միջև համաձայնության արդյունք է: 2011 թ. նոյեմբերին Կոկոյտին և Ջիոևան համաձայնություն էին ձեռք բերել` հանրապետությունում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Հուգաևի հրաժարականը համաձայնագրի բաղկացուցիչ մասն էր կազմում:










































