Նախընտրական Հայաստանի մոտավոր պատկերը՝ գործընթացի տրամաբանության և մասնակիցների տրամադրությունների առումով, կարծես թե, պարզ է, և այդ տեսանկյունից հանրության համար հազիվ թե մնացած լինեն գաղտնիքներ, թեև այս պահի դրությամբ դեռ մի քանի ուժ՝ Կոնգրեսը ու ՀՅԴ-ն չեն հրապարակել իրենց նախընտրական համամասնական ցուցակները, իսկ Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ տանդեմն ու ՀՀԿ-ն էլ հայտարարել են, որ ցուցակներում կարող են լինել վերանայումներ:
Միևնույն է, թերևս պարզ է, որ նախընտրական քարոզչական մթնոլորտը կառուցվելու է բոլորը մեկի դեմ սկզբունքով, այսինքն` բոլոր մասնակիցները հանդես են գալու ընդդիմության դիրքերից, քննադատելու են իշխանությանը, քննադատելու են առկա իրավիճակը և խոստանալու են այն փոխել իրենց մեծամասնության դեպքում: Այլ հարց է, թե այդ քննադատությունից ո՞ւմ ձայնն ավելի համոզիչ, անկեղծ կլինի, ո՞վ քննադատելու ավելի բարոյական իրավունք կունենա: Իրավիճակը, կարծես թե, պարզ է՝ լինելու է չորս ընդդիմություն և մեկ իշխանություն: Այստեղ էականն արդեն դառնում է այն, թե քանի ընդդիմություն է Հայաստանում մնալու խորհրդարանի ընտրությունից հետո: Այսինքն` ՀՀԿ-ին քննադատող ՀՅԴ-ից, Կոնգրեսից, Ժառանգություն-Ազատ դեմոկրատներից և ԲՀԿ-ից ո՞վ է մնալու ընդդիմություն: Այս հարցում էլ, կարծես թե, ինտրիգային է երկու կուսակցության վերաբերյալ հարցադրումը՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի:
Կասկած չկա, որ առնվազն նոմինալ առումով՝ եթե անգամ խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսը վերսկսի իր շախմատային խաղերն իշխանության հետ, Կոնգրեսը կմնա ընդդիմություն: Նույն կերպ կասկած չկա, որ առնվազն նոմինալ ընդդիմություն է լինելու Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ տանդեմը: Իսկ ահա ՀՅԴ և ԲՀԿ պարագայում հարցադրումները շատ ավելի անորոշ հեռանկարներ են պարունակում: Մասնավորապես, ՀՅԴ մասով, այդ կուսակցությունը հանրությանը ներկայացրել է արմատական նախընտրական ընդդիմության և չափազանց կառուցողական կոալիցիոն գործընկերության վառ օրինակներ, երբ ՀՅԴ-ն հայտարարել է ընտրությունը կեղծված լինելու մասին, իսկ հետո կոալիցիա կազմել իշխանության հետ: Այնպես որ, եթե այսօր այդ կուսակցությունն «արյունոտ դրոշի» վրա անգամ երդվի, որ այլևս կոալիցիա չի կազմի ՀՀԿ հետ, միևնույն է` պետք չէ հավատալ այդ երդմանը, և քանի դեռ ՀՀԿ-ն իշխանական մեծամասնություն է, պետք է սպասել, որ ՀՅԴ-ն կարող է մի օր կոալիցիա կազմել այդ մեծամասնության հետ: Իրավիճակը կարող է փոխվել, եթե ՀՅԴ ներսում տեղի ունենա դերակատար լիդերների փոփոխություն, և ի հայտ գան նոր լիդերներ, որոնք տնտեսական քվոտաներով և համակարգային արատավոր «ճոպաններով» կապված չեն իշխող մեծամասնության հետ: Սակայն դա արդեն այլ խոսակցության նյութ է և թերևս օրակարգային կարող է դառնալ ընտրությունից հետո, երբ պարզ կլինի, թե ուր է հասել Դաշնակցությունն իշխանության և հասարակության հետ անվերջ «պահմտոցի» խաղալու հետևանքով:
Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանին, ապա այս կուսակցությունն, իհարկե, առայժմ ունի միայն 2007 թվականի նախադեպը, երբ պարզապես խայտառակ անհամաչափության ենթարկվեց ԱԺ ընտրությանը՝ հայտարարելով 400 հազար կուսակցականի մասին, բայց ստանալով ընդամենը 200 հազար ձայն: Բայց ԲՀԿ-ն չհայտարարեց ընտրությունը կեղծելու մասին, հետևաբար ՀՀԿ հետ կոալիցիա կազմելով առավելագույնս ազնիվ էր: Բայց դա միայն առաջին անգամ: Բանն այն է, որ երբ այժմ ԲՀԿ-ն հանդես է գալիս ՀՀԿ քաղաքականության քննադատությամբ, դա արդեն փակում է ՀՀԿ հետ երկրորդ անգամ կոալիցիա կազմելու ճանապարհը, որովհետև այդ դեպքում ԲՀԿ-ն կընկալվի առավելագույնս անլուրջ՝ կոալիցիա կազմել մի ուժի հետ, որի քաղաքականությունը ենթարկում ես խիստ քննադատության: Բայց Հայաստանի քաղաքական դաշտում այդ ամենը չի ենթարկվում որևէ բարոյական արգելքի, և հետևաբար պետք չէ զարմանալ, եթե Բարգավաճ Հայաստանն այսօր Հանրապետականին հռչակի պետության թշնամի, իսկ վաղը գնա և կոալիցիա ստորագրի ՀՀԿ հետ:
Ուրեմն, կմնա՞ն արդյոք ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ՀՀԿ-ին առնվազն նոմինալ ընդդիմություն, թե՞ ոչ: Հայաստանի ներքաղաքական կյանքի ինտրիգն այլևս այստեղ՝ հետընտրական այս զարգացումների մեջ է, նկատի ունենալով այն, որ դրանք սահուն կերպով վերածվելու են նախագահի ընտրության նախընտրական զարգացումների: Իսկ այստեղ արդեն գործընթացների տրամաբանությունը էապես փոխվում է, հետևաբար փոխվում է նաև մասնակիցների ռեսուրսը, մասնակիցների հանրային ընկալման գործակիցը, քանի որ քաղաքական խաղն, այսպես ասած, անհատականացվում է: Եվ այստեղ արդեն նույն ՀՅԴ և ԲՀԿ նախագահի հնարավոր թեկնածուների հարաբերակցությունը ՀՀԿ թեկնածուի հանդեպ դառնում է բոլորովին այլ, քան ասենք` ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերակցությունը ՀՀԿ հանդեպ, որպես քաղաքական ուժեր, կուսակցություններ:
ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կառաջադրե՞ն արդյոք իրենց անհատական թեկնածուները նախագահի 2013 թվականի ընտրությանը: Արդյոք այդպիսի թեկնածուական հա՞յտ չէր, օրինակ, Վարդան Օսկանյանի ելույթը ԲՀԿ համագումարում, որը միգուցե, ըստ էության, առավել ծրագրային էր, քան հենց կուսակցության նախագահի բուն ելույթը: Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների վերաբերյալ հարցերը թերևս տեղափոխվում են արդեն հենց այս հարթություն: Խորհրդարանի ընտրության հարթակում հազիվ թե քաղաքական ուժերն այլևս ունակ լինեն որևէ անակնկալ մատուցել հասարակությանը:











































