Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու միամսյակը Ազգային ժողովում նշվել է խորհրդարանական կայքի ֆրանսերեն էջի շնորհանդեսով: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ֆրանկոֆոնիայի գծով արտգործնախարարի խորհրդական-դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները, ֆրանսիական կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ այսուհետև Հայաստանի Ազգային ժողովի կայքը «կխոսի» նաև ֆրանսերեն` առցանց հաղորդակցության միջոցով աշխարհին հասանելի դարձնելով Հայաստանի խորհրդարանի լուրերը: ԱԺ նախագահի խոսքերով` սա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ազգային ժողովի նվերն է ֆրանսալեզու ընթերցողներին: Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ մեկ տարի առաջ են սկսվել ֆրանսերեն թարգմանվել ԱԺ պատմության, գործառույթների ու կառուցվածքի մասին պատմող էջերը:
Ազգային ժողովի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կարևոր դերակատարությունը քաղաքական ազատությունների ու իրավունքների պաշտպանության, խորհրդարանների դերի բարձրացման ու համագործակցության հարցում` հիշեցնելով, որ Հայաստանի ԱԺ-ն 2009 թ. ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ: «Մենք կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը, և վստահ ենք, որ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը մեծ դեր ու ներուժ ունի ֆրանկոֆոնիայի որդեգրած համամարդկային արժեքների, լեզվամշակութային բազմազանության պահպանման, խաղաղության հաստատման, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում»:
Խորհրդարանն այս համագործակցության արդյունքում դարձել է «Նորիա» ծրագրի շահառու, որի շրջանակներում ֆրանսերեն է թարգմանվում ԱԺ պաշտոնական կայքը, ինչպես նաև խորհրդարանի 40 աշխատակիցների համար անց են կացվում ֆրանսերենի դասընթացներ:
Հյուրերին խորհրդարանում ողջունել է նաև Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ պատմական իրողություններով պայմանավորված` հայ ժողովրդին բնորոշ է դարձել մշակութային և լեզվական բազմազանությունը: Ֆրանսերենի իմացությունը, ըստ բանախոսի, խորհրդարանականների համար շատ կարևոր է նաև այն առումով, որ միջազգային կազմակերպություների պաշտոնական լեզուներից մեկն է: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն այսօր մեծ դերակատարում ունի նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում, և բանախոսի համոզմամբ` Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին կարևոր առաջնահերթություն է առաջընթացը մարդու իրավունքների ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ԱԺ կայքի ֆրանսերեն էջը պատրաստողներին` Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ նոր էջը կարդարացնի այցելուների սպասելիքները:
Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին խորհրդանշական համարեց, որ խորհրդարանի ղեկավարությունը որոշել է այսպես նշել Ֆրանկոֆոնիայի օրը: Նրա կարծիքով` Ֆրանսերենի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով Հայաստանի խորհրդարանն արժանի է դառնալու Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի լիիրավ անդամ: Նա կարևոր ու ողջունելի համարեց, որ օրենսդիր մարմնի կայքը թարգմանվում է տարբեր լեզուներով:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի գնահատմամբ` խորհրդարանական այս միջոցառումը ֆրանկոֆոնիայի օրերին մշակութային և կրթական նշանակությունից բացի ստացավ նաև քաղաքական կշիռ: Դեսպանը, տպավորված լինելով խորհրդարանում ֆրանսերենի նկատմամբ դրսևորվող ուշադրությունից, նկատեց, որ, էջը թարգմանելով տարբեր լեզուներով, խորհրդարանը բաց է դառնում աշխարհի համար:
Միջոցառման ավարտին Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչները» կատարել են ֆրանսերեն հայտնի ու սիրված երգեր, ինչպես նաև հնչեցրին Կոմիտաս:









































