«Նախընտրական այս լարված ժամանակահատվածում հասարակության մեջ թունավոր երակ հանդիսացող շատերը, քաղաքական դիմակ հագած, քչփորելով իրենց մեջ կուտակված քաղաքական կեղտը, փորձում են իրենց կողմից մտածված ինտրիգներով և ընտրված նենգ մարդկանցով սևացնել ժողովրդի ծոցից ելած անհատներին և խաթարել ժողովրդի հավաքական ոգին: Այն` ինչը կաներ թշնամին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Նա նշեց, որ աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը, բայց մեր հակամարտությունները սեփական ժողովրդի և երկրի դեմ են, իսկ նման ձևով ընտրությունների գնալով, երկիրը կտանենք պարտվողական ուղիով. «Առաջիկա համապետական ընտրություններում, եթե հայը կորցնի քաղաքակրթությամբ օժտված իր կերպարը, կհայտնվի այն հարթության մեջ, ուր գտնվում են բանականությունից զուրկ մեր թշնամիները, որոնք Ցեղասպանություն գործած վայրագ սորտ լինելով, փորձում են որպես քաղաքակիրթ տեսակ ներկայանալ աշխարհին»:
Ռ. Գևորգյանի խոսքով, արդար և թափանցիկ ընտություների պարագայում միայն երկիրը աշխարհաքաղաքական դաշտում ձեռք կբերի բարձր վարկանիշ, ինչը կնպաստի խնդիրների լուծմանը: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է ոչ թե ըստ իշխանության կարիքի, այլ ըստ ժողովրդի կամքի, որպեսզի ընտրություններն անցնեն արդար:











































