Ազգային ժողովում այսօր ներկայացվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թ. ծրագիրը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով, այն բաղկացած է 5 բաժնից:
Նախատեսվում է հանձնաժողովի կողմից ապրանքային շուկաների ոլորտային վերլուծությունների իրականացում, գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագծի ուսումնասիրություն, հակամրցակցային ուսումնասիրություն, համակենտրոնացումների ու անբարեխիղճ մրցակության հսկողություն և կանխում, պետական օժանդակության հայտնաբերում և կանխարգելում: Կուսումնասիրվի պետական գնումների ոլորտը, ինչպես նաև կկատարի ՏՄՊՊՀ-ն քարոզչություն ու հասարակության իրազեկման բարձրացման ուղղությամբ աշխատանքներ:
Ա.Շաբոյանը նշեց, որ շատ ժամանակ հայտնաբերում են մրցակցության խախտման դեպքեր, սակայն դրանք լինում են հետևանքներ, իսկ պատճառների կանխարգելման համար ՏՄՊՊՀ-ն առաջարկում է ընդլայնել համագործակցությունը մյուս պետական մարմինների հետ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ Սիթի Պետրոլ գրուպի վերաբերյալ վերջերս 100 մլն դրամով տուգանելու մասին ՏՄՊՊՀ որոշումը դատական կարգով բողոքարկվի և չեղյալ համարվի:
Ա.Շաբոյանը պատասխանեց, որ այդ գործով դատական ընթացքի վերաբերյալ տեղյակ չեն:











































