Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է PKK-ի քաղաքացիական թև համարվող «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում կալանավորված 193 անձանց նկատմամբ մեղադրականի կազմումը: 2400 էջից բաղկացած այդ մեղադրականն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 15-րդ դատարան:
Դրանում պահանջվում է, որ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին ձերբակալված թուրք իրավապաշտպան և «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուն դատապարտվի 10 տարվա ազատազրկման: Զարաքօլուն մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանն օգնելու և հովանավորելու» մեջ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի աշնանը բանտում հայտնվելուց օրեր անց Զարաքօլուն իր փաստաբանի միջոցով խնդրագիր էր ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ), որում նշել էր, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և ԹԱՄԺ-ի կողմից դրա ընդունումը կլինի արժանապատիվ քայլ.
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի մարդկության դեմ գործած այդ ծանր հանցանքի համար։ Ներողություն պետք չէ խնդրել այլ երկրների խորհրդարաններում, դրա տեղը պետք է լինի ԹԱՄԺ-ը։ Այն չի նվաստացնի մեզ, ընդհակառակը՝ ավելի արժանապատիվ կդարձնի»։








































