Ֆրանսիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է անցկացնում երեկ Թուլուզ քաղաքում հրեական դպրոցի վրա կրակ բացած հանցագործին գտնելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ենթադրվում է, որ նա մասնակից է անցյալ շաբաթ իրականացված ևս երկու հանցագործությունների, երբ սպանվեցին ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից երեք զինվոր: Բոլոր երեք հարձակումներում օգտագործվել են նույն զենքը և սև մոտոցիկլետը, որը, ըստ քննիչների, առևանգված է:
Հիշեցնենք. երեկ Թուլուզի հրեական դպրոցի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ, 3 աշակերտ, ևս մեկ երեխա ծանր վիրավորվել է:
Քննիչներն ուսումնասիրում են երկու հնարավոր տարբերակ. սպանություններն իրականացվել են կամ իսլամիստի, կամ ուլտրաաջ ծայրահեղականի կողմից:
Նախագահական հրամանով Ֆրանսիայի հարավարևմտյան շրջաններում մտցվել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակի կարգավիճակ:
Այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ին, Ֆրանսիայի բոլոր դպրոցներում մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը: Քաղաքի շատ բնակիչներ գիշերն անցկացրել են դպրոցի մոտ՝ ի հիշատակ զոհերի: Փարիզում հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել քաղաքի փողոցներում: Մայրաքաղաքի Նազարեթ սինագոգում տեղի է ունեցել հատուկ հիշատակի ծես: Զոհվածներն ունեցել են երկքաղաքացիություն։ Հաղորդվում է, որ նրանք կհուղարկավորվեն Իսրայելում:










































