Կարևոր չէ՝ կուսակցությունների ցուցակներում ով է ընդգրկված, բնապահպանությունը վերկուսակցական գաղափար է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական փորձագետ Արման Վերմիշյանը` անդրադառնալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ցուցակները հույս ներշնչո՞ւմ են, թե բնապահպանական խնդիրները լուծում կգտնեն նոր գումարման խորհրդարանում, պատասխանեց, որ ընտրությունների հանդեպ ունի շատ բացասական վերաբերմունք, քանի որ կարծում է, որ ընտրություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա:
Ըստ նրա` «ընտրություններ» ասվածը արդեն իր հոգեվարք ապրող քաղաքական-տնտեսական համակարգի մի մասն է, որն ամբողջ աշխարհում փլուզվում է, ընդ որում՝ այստեղ էական դեր ունեն հենց քաղաքացիական շարժումները: «Այս իմաստով ես այնքան էլ մեծ կարևորություն չեմ տալիս այս երևույթին, և թե ում ցուցակում ով կա: Միայն կարող եմ նշել, որ ՀՀԿ-ում ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, իսկ թե ինչու «Ժառանգությունը» միացավ ՀՀՇ-ից սերված կուսակցություններից մեկին՝ ինձ համար անհասկանալի է»,- մեկնաբանեց Արման Վերմիշյանը` հավելելով, որ ոչ մի էական ակնկալիք չունի ընտրություններից:
Նա նշեց, որ բնապահպաններն աշխատում են կոնկրետ պատգամավորների հետ, որոնք հակված են բնապահպանությանը և, երևի, կշարունակեն այսպես աշխատել՝ անկախ իրենց այս կամ այն քաղաքական կողմնորոշումից, քանի որ բնապահպանությունը վերկուսակցական գաղափար է:
Նա նաև փաստեց, որ բնապահպանական շարժմանը ակտիվ մասնակցում են պատգամավորներ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բաշխյանը, Զարուհի Փոստանջյանը, Դաշնակցությունից` Լիլիթ Գալստյանը: «Ենթադրում եմ, որ իրենք նորից կընտրվեն պատգամավոր և կլինեն ակտիվ»,- եզրափակեց իր խոսքը բնապահպանության փորձագետը:











































