«Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» «Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպանական ակտիվիստները շարունակում են պայքարը Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար:
Կատարելով «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» վճիռը` ժամը 13:00-15:00-ը ակտիվիստները շարունակում են այգու մաքրման-բարեկարգման աշխատանքները՝ համաձայն Երևանի գլխավոր հատակագծի և Կենտրոնի գոտիավորման նախագծի: Բնապահպանները հորդորում են բոլորին իրենց հետ բերել բարեկարգման համար անհրաժեշտ պարագաներ՝ փոցխ, բահ, ավել, աղբի տոպրակներ և այլ պարագաներ: Վաղը բարեկարգման աշխատանքներին միանում են նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները:
13:00-15:00-ին պատրաստում են փայտե թռչնաբներ, պատրաստման տեխնոլոգիան և նորմերը կներկայացնի Թռչնասերների միության նախագահ Սիլվա Ադամյանը:
Ժամը 15:00-16:00-ը նախատեսվում է համերգ զուռնա-դհոլով։
17:00-17:30-ը կլինի «Քաղաքացիական ամբիոն»՝
«Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում». Սարհատ Պետրոսյանը կներկայացնի միավորման նպատակները և խնդիրները:
17:30-18:00-ը նախատեսվում է «Քաղաքացիական ամբիոն»՝
Վարդան Ջալոյան, արվեստի քննադատ, թեման` «Քաղաքակրթություն և բարբարոսություն»:
Այսուհետ պուրակում տեղադրվելու է դրամահավաքի արկղ: Հավաքված գումարն օգտագործվելու է Մաշտոցի պուրակի բարեկարգմանն ու պաշտպանությանն ուղղված կազմակերպչական աշխատանքների համար: Գումարը օգտագործվելու է թափանցիկ և հաշվետու: Ի դեպ, երեկ հավաքվել է 53000 դրամ:








































