Ռուսաստանը շահագրգռված է, որ բոլոր երկրները, այդ թվում` Բելառուսը, միանան մահապատժի վերաբերյալ մորատորիումին: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ահաբեկչության դեմ պայքարը, իհարկե, պետք է լինի անողոք: Միևնույն ժամանակ, մեր վերաբերմունքը մահապատժին քաջ հայտնի է. մենք վաղուց ենք մորատորիում հայտարարել մահապատժի նկատմամբ»,- ընդգծել է Լավրովը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին բելառուսական պետական ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «մինսկյան ահաբեկիչներ» Կոնովալովի ու Կովալևի մահվան դատավճիռն ի կատար է ածվել:
Դատարանի որոշմամբ` վերջիններս մեղավոր էին ճանաչվել Վիտեբսկում 2005 թ., Մինսկում երկրի անկախության օրը` 2008 թ. հուլիսի 3-ին, և Մինսկի մետրոյում 2011 թ. ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Մինսկի մետրոյում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 11, վիրավորվել ավելի քան 100 մարդ:









































