«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ կուսակցության համամասնական ցուցակին ՀՀԿ-ականներին ծանոթացնելով` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջին 100-ից մոտ 70-ը դուրս է գալու. նրանք գործադիրի պաշտոնյաներ են` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր և այլ պաշտոնյաներ, ովքեր մնալու են իրենց զբաղեցրած պաշտոններում:
«Հետևաբար, առաջին հարյուրյակից դուրս մնացած պատգամավորները առաջ են գալու և լինելու են անցողիկ տեղերում: Բացի այդ, ՀՀԿ-ում որոշել են, որ ունենալու են 6 կին պատգամավորներ` Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը և Ռուզաննա Մուրադյանը: ՀՀԿ ցուցակի մյուս կանայք պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացնելու կամ արդեն ներկայացրել են:
Քաղաքական շրջանակներում քննարկում են նաև ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի նոր վերելքը. ասում են, որ նա ակտիվորեն մասնակցել է ցուցակի կազմմանը, ինչի արդյունքում ընդգրկվել են իր ազդեցության տակ գտնվող մարդկանցից շատերը: Աժ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանը կարող է վերադառնալ խորհրդարանի խոսնակի պաշտոնին: Կարծիք կա, որ նա Ս. Սարգսյանի վստահությունը նորից ձեռք է բերել նախընտրական ոչ ֆորմալ «ֆոնդին» ահռելի (ընդհուպ մինչև մի քանի միլիոն դոլար) գումարներ հատկացնելու շնորհիվ»,- ապա թերթը հավելում է.
«Ի դեպ, տարբեր խոսակցություններ կան, թե այդ «գանձանակում» աստղաբաշխական` հիմնականում վեցանիշ գումարներ են ներդրել նաև համամասնական ցուցակում ընդգրկված գործարար պատգամավորներ Հ. Նաղդալյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը, Արա Բաբլոյանը, Սպարտակ Մելիքյանը, Գագիկ Բեգլարյանը և շատ այլ թեկնածուներ»:











































