ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե նախկինում սփյուռքում չէին ընդունում հանրապետության նախագահին` լիներ առաջին նախագահը, թե երկրորդ, ապա, այժմ, ի դեմս Սերժ Սարգսյանի, սփյուռքում տեսնում են համախմբող ուժի: Նա նշեց նաև, որ իրենց կուսակցությունը չի առաջնորդվում նախընտրական տարվա տրամադրություններով և փորձում է լուծել իր առջև դրված խնդիրները: Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ հայտ ներկայացնեն նոր քաղաքական ուժեր, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում դա այնքան էլ հեշտ չէ: Միաժամանակ չբացառեց, որ կարող են հայտնվել նոր քաղաքական ուժեր, սակայն այլ հարց է` արդյո՞ք նրանց կհաջողվի ձայներ ստանալ հասարակությունից:
Անդրադառնալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին տարածվող խոսակցություններին` Ռազմիկ Զոհրաբյանը դրանք համարեց բնական, քանի որ այդ երկուսին է համարում լուրջ ուժեր: Նա ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» մինչ օրս չի հայտարարել կոալիցիայից դուրս գալու մասին, բայց թե հետո ինչպես կվարվի` դժվարացավ գուշակել: Ռազմիկ Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» սերտացնում է հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, որի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:







































